1. «Ամերիաբանկ» ՓԲԸ «ՓՄՁ Փաթեթային առաջարկի» արշավից (այսուհետ` Արշավ) օգտվելու հիմնական պայմանները (այսուհետ` Պայմաններ) սահմանում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) և իրավաբանական անձանց /անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` Հաճախորդ, իսկ երկուսը միասին` Կողմեր) միջև Բանկի կողմից Արշավի պայմանների ներքո բանկային ծառայությունների մատուցման հետ կապված փոխհարաբերությունները:

2. Պայմանները հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա), որը համարվում է Հաճախորդի կողմից ընդունված (ակցեպտավորված) Բանկի սահմանած ձևանմուշով Հաճախորդի կողմից պատշաճ կազմված և ստորագրված/ վավերացված համապատասխան հայտ-պայմանագիրը Բանկ ներկայացվելու պահից:

3. Հաճախորդը, հիմք ընդունելով Արշավի սահմանված տարբերակները և դրանցից օգտվելու ցուցանիշները` հայտ-պայմանագրում նշում է Արշավի նկարագրում ներկայացված այն տարբերակը, որից օգտվելու նվազագույն չափանիշներին վերջինս համապատասխանում է: 

4. Հայտ-պայմանագիրն ընդունելով` Բանկը համաձայնում է Հաճախորդի համար հասանելի դարձնել Հայտ-պայմանագրում Հաճախորդի կողմից նշված տարբերակով նախատեսված պայմանները, ընդ որում.

  4.1. Եթե հայտ-պայմանագրի ներկայացման պահի դրությամբ Հաճախորդն արդեն իսկ օգտվում է իր կողմից ընտրված տարբերակում նշված ծառայություններից կամ դրանցից որևէ մեկից, ապա կիրառելի են հետևյալ պայմանները.

    4.1.1. Այն ծառայությունները, որոնցից օգտվելու դիմաց, Բանկի հետ կնքված պայմանագրերին համապատասխան, Հաճախորդը կատարում է պարբերական վճարումներ (օրինակ` Ինտերնետ/ մոբայլ-բանկինգ ծառայության կամ վճարային քարտի սպասարկման վճարներ), դրանց գծով ընտրված տարբերակի ներքո հատուկ պայմանը գործում է տվյալ պայմանագրերի ներքո առաջիկա վճարման պահից, իսկ մինչ այդ կատարված վճարումները վերահաշվարկի կամ վերադարձի ենթակա չեն:

    4.1.2. Այն ծառայությունները, որոնց դիմաց վճարումների չափը հաշվարկվում է որոշակի ժամանակահատվածում այդ ծառայությունների շրջանակներում կատարվող գործարքների ծավալից (օրինակ` «POS» տերմինալների սպասարկման պայմանագրի ներքո կատարված գործարքների ընդհանուր գումարից գանձվող միջնորդավճարներ), դրանց գծով ընտրված տարբերակի ներքո հատուկ պայմանը գործում է առաջիկա հաշվետու ժամանակատվածից: 

    4.1.3. Աշխատավարձային նախագծերի ներքո Հաճախորդի աշխատակիցներին տրամադրված վճարային քարտերը գործում են վերջիններիս հետ կնքված վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմանագրերով տվյալ պահին կիրառելի պայմաններով, իսկ ընտրված տարբերակի հատուկ պայմանները գործում են աշխատավարձային նախագծի պայմաններին համապատասխան նոր վճարային քարտերի տրամադրման պահից: 

    4.1.4. Վարկային պարտավորություններ սահմանող պայմանագրերով (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ և այլն) նախատեսված տոկոսադրույքները շարունակում են գործել այդ պայմանագրերի պայմաններին համապատասխան, իսկ ընտրված տարբերակի տոկոսադրույքը կիրառելի է նոր վարկային պարտավորություններ ստանձնելու կամ գործող պայմանագրերում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություն կատարելու դեպքերում:Այն ծառայությունները, որոնց դիմաց վճարումները ենթակա են կատարման յուրաքանչյուր գործարքի կատարման/ կնքման պահին (օրինակ` արժույթի փոխանակում), դրանց գծով ընտրված տարբերակի ներքո հատուկ պայմանը գործում է տվյալ ծառայության ներքո առաջիկա գործարքի կատարման/կնքման պահից:

  4.2. Այն ծառայությունների մասով, որոնցից հայտ-պայմանագրի ներկայացման պահի դրությամբ Հաճախորդը չի օգտվում (ներառյալ` եթե կնքում է այդ ծառայությունից օգտվելու նոր պայմանագիր (օրինակ` նոր վճարային քարտի տրամադրում)), ապա այդ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերը/գործարքները կնքվում և սպասարկվում են ընտրված տարբերակում նշված համապատասխան պայմաններով: 

5. Հայտ-պայմանագրի ընդունման պահից դրանով ընտրված տարբերակում թվարկված ծառայությունների գծով Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրերով նախատեսված պայմանները համարվում են փոխարինված` Պայմաններով և ընտրված տարբերակով սահմանված համապատասխան պայմաններով:

6. Հաճախորդը պարտավոր է Բանկին գրավոր ձևով տեղեկացնել իր կողմից ընտրված Արշավի տարբերակից օգտվելու նվազագույն ցուցանիշներին այլևս չհամապատասխանելու մասին` այդ փաստը պարզելուց 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, որի պարագայում ծանուցումը Բանկի կողմից ստանալու պահից Արշավի ներքո ընտրված տարբերակի կիրառումը համարում է դադարեցված, իսկ գործող պայմանագրերի ներքո հատուկ պայմանների փոփոխությունը կատարվում է Պայմանների 7.2 կետով սահմանված կարգով:

7. Հայտ-պայմանագրի ներկայացումից հետո Բանկը, իր կողմից որոշված պարբերականությամբ իրականացնում է ուսումնասիրություններ` Հաճախորդի կողմից ընտրված տարբերակին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով: Հաճախորդը պարտավոր է Բանկին տրամադրել պահանջվող բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները` այդ ստուգումները հավուր պատշաճի իրականացնելու նպատակով: Ստուգման արդյունքում Հաճախորդի համապատասխանության վերաբերյալ բավարար հիմնավորումներ չբացահայտվելու պարագայում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Հաճախորդին Արշավի պայմանների ներքո տրամադրված բոլոր և ցանկացած ծառայությունների գծով պայմանները` դրանք համապատասխանեցնելով տվյալ պահին գործող ստանդարտ սակագներին/սակագնային քաղաքականությանը և պայմաններին: Ընդ որում.

  7.1. Արշավից օգտվելու նվազագույն չափանիշներին չհամապատասխանելու և դրա ներքո հատուկ պայմանների հետագա կիրառման դադարեցման մասին Բանկը պարտավոր է Հաճախորդին գրավոր ծանուցել Հաճախորդի կողմից հայտ-պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի միջոցով, որպիսի ծանուցման պահից Հաճախորդի համար հասանելի դարձված հատուկ պայմանները դադարում են գործել, և այդ պահից ի վեր վերջինս կարող է այդ ծառայություններից օգտվել հրապարակված ստանդարտ սակագներին և պայմաններին համապատասխան` ընդհանուր հիմունքներով:

  7.2. Արշավի շրջանակներում գործող պայմանագրերի ներքո հատուկ պայմանների փոփոխության մասին Բանկը պարտավոր է Հաճախորդին նախապես ծանուցել` այդ պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում, որը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից համապատասխան պայմանները փոփոխված համարելու համար:

8. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Պայմանները կամ դադարեցնել Արշավի գործողությունը` այդ մասին Հաճախորդի կողմից հայտ-պայմանագրում նշված էլեկտրոնային փոստին առնվազն 10 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով, ինչը հիմք է հանդիսանում փոփոխված Պայմանները կիրառելու համար:

9. Արշավին մասնակցելու նպատակով Հայտ-պայմանագրերը կարող են Բանկ ներկայացվել մինչ 31.12.2020թ.: 

10. Սույն Պայմանները և Արշավի պայմանները գործում են մինչ Բանկի կողմից դրանց դադարեցումը: